Անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք չէ ծայրահեղացնել. հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որեւէ ձեւակերպումից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով «Քեթրին Գրուպ»-ի տարածած հայտարարությանը, թե ՔԿ-ն խախտել է անմեղության կանխավարկածը:
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ն իր մի շարք նախադեպային որոշումներով ամրագրել է, որ անհրաժեշտ է տարբերակել հայտարարությունները, որոնք արտահայտում են տվյալ անձի մեղավորության վերաբերյալ գնահատական, եւ հայտարարությունները, որոնք պարզապես նկարագրում են «կասկածի վիճակ»։
«Վերջինները ՄԻԵԴ-ի կողմից քննության առնված տարբեր իրավիճակներում ընդունվել են որպես առարկություն չներկայացնող» ։ Քննչական կոմիտեն մշտապես զգուշավորություն ցուցաբերել է եւ զերծ մնացել անձի անմեղության կանխավարկածը վտանգող ձեւակերպումներից եւ մշապես շեշտվել, որ խոսքը նախաքննության փուլում ձեռք տվյալների մասին է։
Բացի այդ տվյալ հաղորդագրության մեջ ընդհանրապես չի խոսվել կոնկրետ անձի գործողությունների մասին, ինչի պարագայում բացառվում է անմեղության կանխավարկածի խախտումը։ Բացի այդ մեր կողմից ներկայացվել են միայն փաստեր՝
1. Ավտոմեքենայի համարանիշերով նույնացվել է ավտոմեքենան, որպես փաստ նշվել է բռնությունը, որն ակնհայտ է տեսագրության մեջ, սակայն որեւէ իրավական գնահատական չի տրվել բռնությանը (չի նշվել քր.օրի որեւէ հոդված) եւ արձանագրվել, որ բռնություն իրականացրած անձինք տեղափոխել են նույնացված ավտոմեքենայով»,-ընդգծեց Տռուզյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել են Երեւան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաեւ՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարանիշերը, պարզվել, որ դրանցից մեկը գտնվում է «ՖրուտիՄէքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ մյուսը «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի, որոնք հայտնաբերելու նպատակով կատարվել են նաեւ խուզարկություններ։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Խոսքը Միհրան Պողոսյանի օգնական Իսոյանի մասին է:





























