Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։

«Քիչ առաջ ես եւ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գեւորգը կլինի ազատության մեջ»,- Facebook-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նա փորձել է տոնածառ տեղադրել, ոստիկաններն արգելել են: Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները վճիռը նույնն են թողել: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ գործը շինծու է՝ հիմնված միայն ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա: