Ընտրական համակարգը բացառապես քաղաքական ընտրության հարց է։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով տարածքային (ռեյտինգային) ընտրակարգի հարցում ՀՀԿ հնարավոր զիջումներին։

«Ընտրական համակարգի ընտրությունը բավականին կարեւոր նշանակություն ունի իմ համար: Ես նախկինում թեկնածուական եմ գրել այդ թեմայով, սակայն հիմա ես չեմ կարող ասել ՀՀԿ–ն զիջումների գնա թե չէ՝ մեկ պարզ պատճառով՝  ընտրական համակարգը բացառապես քաղաքական ընտրության հարց է, քաղաքական նպատակահարմարության հարց է»,–նշեց նա։

Գեւորգ Կոստանյանը շեշտեց, որ ռեյտինգային ընտրակարգը պառլամենտի առնվազն երեք խմբակցությունների համար նպատակահարմար է եղել, այդ պատճառով էլ Ընտրական օրենսգիրքն ընդունվեց: Իսկ դիտարկմանը, որ վերապահումով են ՀՅԴ–ն ու ԲՀԿ–ն կողմ քվեարկել այդ ընտրակարգին, բայց իրականում դեմ էին, Կոստանյանը նկատեց. «Այուամենայնիվ ընդունվել է ԱԺ-ում՝ ձայների 3/5–ով, ուստի վերապահումով է եղել թե ոչ, հարցի 48-րդ կողմն է»։