Կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի: Այս մասին նշվել է հունիսի 5-ին կայացած Հանրային խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր:

Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, այլ ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաեւ որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց իբրեւ կառավարության ամբողջական ծրագիր՝ շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն:

Ինչ վերաբերում է ծրագրի մեջ դրված քաղաքական խնդիրներին, ապա Հանրային խորհուրդը գտել է, որ դրանք ընկած են մեր անկախ պետության գաղափարական հիմքերում, եւ դրանց իրագործումն անհրաժեշտ է մեր երկրի հետագա զարգացման համար: