Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավարությանը՝ կազմակերպության ղեկավար Սերգեյ Կերսելյանի գլխավորությամբ։ Նա կազմակերպության ղեկավար է ընտրվել 2010 թվականի դեկտեմբերին՝ հերթական համագումարում։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հանդիպմանը մասնակցել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Ենիկը, նրա առաջին տեղակալ Զուրաբ Կաջայան եւ Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ, Աբխազիայի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Սերգեյ Մաթոսյանը։ Սորեն Կերսելյանը նախագահին ծանոթացրել է համայնքի գործունեության հիմնական ուղղությունների մասին, որի գլխավոր խնդիրը, նրա խոսքով, աբխազական պետության հետ համագործակցության սերտացումն է, որի լիիրավ քղաքացիներն են համարվում նաեւ տեղի հայերը։

Կազմակերպության գործունեության առաջանահերթ ուղղություններից մեկը համարվում է նաեւ երիտասարդությանն աջակցելը, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։

Աբխազիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ Աբխազիան միշտ եղել եւ փորձում է լինել երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ «Աբխազիայի հայությունն իր արժանի ներդրումն է կատարել մեր պետության զարգացման գործում»,-հայտարարել է Սերգեյ Բագապշը, խոստանալով համայնքի ղեկավարությանը աջակցություն ցուցաբերել իրենց կողմից Աբխազիայի զարգացմանը նպաստող բոլոր նախաձեռնություններում։