Լիտվայի Սեյմում «ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մասին» բանաձեւ է մշակվում, եւ նրա ապագան կախված կլինի միջազգային հանրության ջանքերից։ Այս մասին հայտարարել է Լիտվայի Սեյմի խոսնակ Իռենա Դեգուտյենեն։
«Սեյմի պատգամավորների մի մեծ խումբ օրակարգ է մտցրել բանաձեւի նախագիծը, որում առաջարկվում է հրաժարվել ստատուս-քվոյին մշտապես սատարելու ցանկությունից, որը ձեռք է բերվել ուժով, ոչ թե միջազգային իրավունքի միջոցով, ինչը նպաստում է տարածաշրջանային անկայունությանը»,- ասել է նա ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, բանաձեւի նախագծում խրախուսվում է Եվրամիության՝ առավել ծանրակշիռ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման որոնումներում:
«Կարծում եմ՝ բանաձեւի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե 2011-ին ԵԱՀԿ նախագահող Լիտվան կտեսնի՞ արդյոք միջազգային հանրության՝ այս հարցի լուծմանն ուղղված ջանքերը» ,- ասել է Դեգուտյենեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2011 թվականին ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանից անցել է Լիտվային։
ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Լիտվայի ԱԳ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսը Երեւան եւ Բաքու կժամանի փետրվարի վերջին։
Նա 2010 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիտվան՝ ԵԱՀԿ նախագահող երկիր լինելու ընթացքում դժվար թե նախաձեռնի ձգձգված հակամարտություների լուծման վերաբերյալ բանաձեւ, սակայն կաշխատի բոլոր ուղություններով, որպեսզի դրական արդյունքների հասնի։
Նշենք, որ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Ադրբեջան կայցելի մայիսին։




























