Վաղը՝ հունիսի 12-ին, «Renco» ընկերության ներկայացուցիչների հետ նոր ՋԷԿ-ի կառուցման վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փուլն է նախատեսվում: Այս մասին հունիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով, վաղվա բանակցությունների շրջանակներում վերջնական որոշումներ կկայացվեն իրավական եւ տեխնիկական խնդիրների վերաբերյալ, որոնք, ընդհանուր առմամբ, հաղթահարելի են: «Համապատասխան հայտարարությունը կարվի բանակցություններից հետո», - ասել է նախարարը:

Նրա խոսքով, խոսքը որեւէ կոռուպցիոն դրսեւորումների մասին չէ, քննարկումները վերաբերում են բացառապես իրավական եւ մասնագիտական հարցերին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հստակեցնել իտալական Renco ընկերության կողմից նոր ՋԷԿ-ի կառուցման վերաբերյալ դիրքորոշումը եւ ավելի արագ աշխատել այս ուղղությամբ: Ընկերությունը մտադիր է այս ծրագրի համար 280 մլն դոլար ներդնել: