Հայաստանի յուրաքանչյուր հպարտ քաղաքացի պետք է անձամբ համոզվի, որ չորրորդ հանրապետության առաջին նախագահը լեգիտիմ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը`անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին տեղեկանքի հարցին: Այն այդպես էլ չհրապարակվեց, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տեսել է այդ տեղեկանքը:

«Ես գտնում եմ, որ այդ փաստաթուղթն անպայման պետք է հրապարակվի, որովհետեւ երբ փետրվարի 9-ին Արմեն Սարգսյանը ասել էր, որ ինքը դառնալու է ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը, հետո՝ մայիսի 9-ին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հաջորդ օրը, «Հաղթանակի» այգում լրագրողներին շնորհավորեց եւ ասաց, որ այսօր չորրորդ հանրապետության առաջին օրն է: Մենք էլ ուզում ենք, որ չորրորդ հանրապետության առաջին նախագահը լինի 100 տոկոսանոց լեգիտիմ եւ որեւէ կասկած չլինի: Դրա համար ենք ուզում ընդամենը, որ դա հրապարակվի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, հրապարակեք այդ փաստաթուղթը, եթե, իհարկե, այն հույժ գաղտնի չէ, եւ եթե, իհարկե, Նիկոլին ցույց տալուց հետո բարաթը չի կորել»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ դա նախագահի անձնական գործը չէ, այլ հանրությանն է:

Քաղաքագետն ընդգծեց, որ առանց հանրային պահանջի էլ, եթե նոր իշխանությունները որդեգրել են լրիվ թափանցիկ քաղաքականություն, ապա այդ տեղեկանքը պետք է հրապարակվի:

Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր էր ընտրվում, այն ժամանակվա ընդդիմադիր դաշտը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը պահանջում էին, որ ներկայացնի տեղեկանք, որ հրաժարվել է 2011-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչպես պահանջում է օրենսդրությունը։ Դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվում վարչապետ, նա անսպասելի կերպով հայտարարեց, որ տեսել է այդ տեղեկանքը, սակայն այն այդպես էլ չներկայացվեց հանրությանը: