Թուրքիայի ատոմային էներգիայի խորհրդին կից Չեքմեջեյի ատոմային հետազոտության կենտրոնը (ÇNAEM) հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, իբր Մեծամորի ատոմակայանից ռադիացիոն արտահոսքի պատճառով Թուրքիայի արեւելյան նահանգներում չափումներ են իրականացվում:

Թուրքական Haber10-ի փոխանցմամբ` Չեքմեջեյի ատոմային հետազոտության կենտրոնը նշել է, թե այդ չափումները կապ չունեն Մեծամորի ատոմակայանի հետ։ «Նման չափումներ Թուրքիայում միշտ էլ եղել են»,-ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Իգդիրի նահանգապետարանը եւս տարածել է հայտարարություն, որում նշված է, թե չափումները նպատակ ունեն կազմել ռադոն գազի ռիսկայնության քարտեզը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հերքել էր հայկական ատոմակայանից ռադիացիայի արտահոսքի մասին թուրքական մամուլում տարածված լուրերը։