Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կփորձի մինչեւ ամսվա վերջ բանակցությունների միջոցով ԵՄ-ի գործընկերների հետ փախստականների խնդրի համար համաեվրոպական լուծում գտնել, ինչը թույլ կտա գերմանական կոալիցիոն կառավարությանը հաղթահարել ճգնաժամը: Այս մասին Բեռլինում կուսակցության ղեկավարության խորհրդակցություններից հետո հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահը, հաղորդում է DW-ն:

Բրյուսելում, որտեղ հունիսի 28-29-ը Եվրամիության հերթանական գագաթաժողովը տեղի կունենա, Մերկելը եվրոպական առաջնորդների հետ կքննարկի այս ոլորտում երկկողմ համաձայնագրերի կնքման խնդիրը:

Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ համաեվրոպական քննարկումներից հետո կանցկացվեն ներկուսակցական խորհրդակցություններ, իսկ հետո երկխոսությունը կշարունակվի քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարության հետ:

Միեւնույն ժամանակ, Անգելա Մերկելը նշել է, որ հուլիսի 1-ից հետո չպետք է փախստականների՝ Գերմանիա մտնելու մերժման մասին որոշումների կայացման ավտոմատացմանը սպասել: Նա ընդգծել է, որ Եվրամիության մյուս երկրներում գրանցված միգրանտներին մուտքի մերժման դեպքում, գերմանացի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը կարող է խախտել Սահմանադրության 65-րդ հոդվածով գերմանական կառավարության ղեկավարին տրված լիազորությունները:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ դաշնային կանցլերը «սահմանում է քաղաքականության հիմնական ուղղությունները եւ պատասխանատվություն  է կրում դրանց համար»: