Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանցի սպա է զոհվել:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչության հերթական ապատեղեկատվությունն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ավելին, ըստ Հասրաթյանի՝ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը. «Օրինակ երեկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինված ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ 26-ամյա սպա Զամին Մամեդովը նախօրեին զոհվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Միջադեպն, իբր, տեղի է ունեցել Աղդամի շրջանի Ջավահիրլի գյուղի մերձակայքում:




























