Հայաստանի համար մեծ պատիվ է հերթական անգամ նախագահել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ)։ Այս մասին հունիսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ ամփոփելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը հունվարի 1-ից երկու տարի ժամկետով համակարգում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը, որը զարգացման առաջնային ուղղությունների թվում է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այդ ուղղությամբ համագործակցության խորացմանը։ Նրա խոսքով, այսօր՝ կազմակերպության արտգործնախարարների 38-րդ նիստին ամփոփվել են Հայաստանի նախագահության արդյունքները։
Սա Հայաստանի թվով հինգերորդ նախագահությունն է ՍԾՏՀ–ում։ Դեկտեմբերից ի վեր հայկական կողմը 14 աշխատանքային հանդիպում է անցկացրել, ԱԳ նախարարների 1 նիստ, երկու նախարարական հանդիպումներ՝ կրթության եւ տուրիզմի նախարարների մակարդակով, դրանց արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Հայաստանը սերտորեն համագործակցում է կազամակերպության անդամների, դիտորդների ու գործընկերների հետ։ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպության աշխատանքներին, հատուկ ուշադրություն է հատկացվում տնտեսական բաղադրիչին։ Հայաստանի նախագահության շրջանակներում շեշտը դրվում է կանոնադրությամբ որոշված առաջնահերթությունների վրա, որոնք են՝ առեւտրի բնագավառում համագործակցությունը, հեռահաղորդակցության զարգացումը, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությունը:
Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ ՍՏԾՀ–ն տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն է, քաղաքական կառույց չէ, եւ այդ պատճառով Հայաստանն անընդունելի է համարում կազմակերպության գործունեության քաղաքականացումը՝ իր լիազորությունները գերազանցող եւ կանոնադրությանը հակասող փաստաթղթերի ընդունմամբ։ Վերջին տարիներին այդ ուղղությամբ գործում է ՍՏԾՀ ԽՎ–ն, որի շրջանակներում ընդունվում են քաղաքական փաստաթղթեր եւ հայտարարություններ։





























