Այս օրերին Քաղաքաշինության պետական կոմիտեն ստացել է բազմաթիվ դիմումներ եւ արձագանքներ՝ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:

«Մեզ են դիմում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են մեզ հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:

Ներկայում քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:

Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարեւոր հանգամանքի.

Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:

Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ տվյալ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասված է կոմիտեի ղեկավարի հայտարարությունում: