Ադրբեջանի տարածքում գտնվող Դավիթ-Գարեջիի վանական համալիրի շուրջ վեճին պետք է միջամտեն պատմաբաններն ու գիտնականները: Ըստ «Պիրվելի» թերթի, նման տեսակետ է հայտնել Կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն: Հիշեցնենք, որ Վրաստանը փորձում է Ադրբեջանից ստանալ այդ վրացական վանական համալիրը, փոխարենն Ադրբեջանին առաջարկելով սահամանմերձ գյուղերից մեկը:

Փորձագետը հիշեցրել է, որ Դավիթ-Գարեջիի համալիրը Ադրբեջանը համարում է իր հոգեւոր մշակույթի մի մասը:

«Ադրբեջանցիները Դավիթ-Գարեջիի համալիրը համարում են ալբանական մշակույթի ժառանգություն, ինչը հիմնական վիճելի հարցն է: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս հարցի լուծումը պետք է գտնեն պատմաբանները: Անհրաժեշտ է, որ նրանք պատրաստեն անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Արեշիձեն:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանը Դավիթ-Գարեջիի շրջանի փոխարեն հնարավոր է, Ադրբեջանին հանձնի Ադրբեջանին սահմանակից որեւէ գյուղ, փորձագետը նշել է, որ նման բան հնարավոր է, բայց այդ դեպքում, պետք  է անպայման պաշտպանված լինեն այդ գյուղի բնակիչների բոլոր իրավունքները: Նրա խոսքով, այդ գյուղը կարող է լինել սահմանակից Էրիսիմեդին:

«Ուզում եմ ընդգծել, որ սա ընդամենը իմ կարծիքն է, չնայած, եթե այդպես լինի, ապա առաջին հեթին հաշվի կառնվի տեղի բնակիչների շահերը:

Օրինակ, Էրիսիմեդիի բնակչությունը միեւնույն է, շատ դժվար վիճակում է, քանի որ նրա տարածքի մեծ մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Եթե բնակչությանը տեղահանեն եւ տեղափոխեն ավելի լավ պայմաններով միջավայր` օրինակ Կախեթիի շրջան, ապա բնակչության համար կստեղծվեն  էլ  ավելի հարմար եւ բարենպաստ պայմաններ»,- ասել է Արեշիձեն:

Նշենք, որ Վրաստանի համար Էրիսիմեդի գյուղը համարվում է ռազմավարական կենտրոն, հետեւաբար, դեռ հարց է, թե որքանով է թույլատրելի, որպեսզի այն փոխանակվի Դավիթ-Գարեջի համալիրի հետ: