«8 տարի է՝ ես բարձրաձայնում եմ, որ բանակում տիրում է բարդակ, բանակից է սկսվում ամեն ինչ՝ կոռուպցիան, թալանը»,-այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, հայտարարեց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

«Եթե այդ թալանին ականատես են լինում զինվորները, նրանց էլ չեն խնայում եւ սպանում են, ինչպես իմ տղային: Երբ մենք գնացինք պրիսյագից երկու ամիս անց, սպայական կազմը բոլորը գովաբանում էին, ասում էին՝ ով է Վալերիկ Մուրադյանի ծնողը, որ այսպիսի զինվոր է տվել, իսկ դրանից ընդամենը մեկ ամիս 20 օր անց երեխայիս գլուխը կերան»,-ասաց նա՝ հավելելով. «Մեզ հետ տղաս հեռախոսով խոսեց, ասաց՝ «մամա, սա բանակ չի, բարդակ է, սալյարկի գողություն եմ տեսել, բայց ինձ ասել են՝ ձայն չհանես, քեզ էլ փող կտանք»: Ասեց՝ աֆիցերը մեքենայով գալիս է, տղերքը լցնում են, գնում է»:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ ապացուցվեց, որ այո, վառելիքի գողություն լինում է զորամասում, մինչդեռ 8 տարի իրեն չէին հավատում: Նանա Մուրադյանը իր շնորհակալությունը հայտնեց վարչապետ Փաշինյանին այս ամենի համար. «Բայց դեռ մեր գործերը բացահայտված չեն»:

Մեկ այլ սեւազգեստ մայր (Արթուր Ղազարյանի մայրը) հավելեց. «Եթե Մանվելի, Սեյրան Օհանյանի նմաններին բռնեն, մեր որդիների գործերը կբացահայտվեն: Բայց ես լսել եմ, որ իրենց ձեռք չի տալիս, որ բացահայտվի, բանակի անունը չընկնի: Մանվելի նման տականքը պետք է նույն ցավը տեսնի, որը ես եմ տեսել: Մանվելի տղային պետք է տանեն գցեն արջի վանդակը, Մանվելին ու իր կնոջը՝ մյուս վանդակը: Մանվելն ո՞վ եղավ, որ պետք է մեկին պատանդ վերցնի, մեկին ջրհորը գցի: Ծնողը երեխա է պահել, որ Մանմվելի նման վիժվածքներին տա՞»: