Հայկական կողմը պետք է պնդի, որ ինչ-որ մի փուլում Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, բայց չհրաժարվի բանակցություններից։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով քննարկմանն ասաց «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Ստրատեգիական իմաստով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Ղարաբաղին ներգրավելու դիրքորոշումը ճիշտ է, սակայն ունեմ մի մտավախություն, որ այսպիսի դիրքորոշումը կարող է օգտագործվել ադրբեջանցիների կողմից որպես բանակցային գործընթացի խափանման միջոց։ Բանակցություններ հանուն բանակցությունների, այն բանի համար, որ պատերազմը չվերսկսվի, շատ կարեւոր ֆունկցիա է: Հաճախ միջնորդները, գիտակցելով, որ ընդհանուր հայտարարի կողմերին բերել հնարավոր չէ, քանի որ դիրքորոշումները չափազանց տարբեր են, կան կոնցեպտուալ տարբերություններ, կարեւորում են բանակցությունները որպես բանակցություն: Եթե դրանք չեն ընթանում, ապա պատերազմի ռիսկը մեծանում է: Այդ պատճառով հայկական կողմը պետք է ավելի զգուշավոր դիրքորոշում ցուցաբերի, նշի, որ ինքը պնդում է, որ ինչ-որ փուլում Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, բայց չի հրաժարվում բանակցություններից: Եթե հայկական կողմը կտրուկ դնի այդ պահանջը, ադրբեջանական կողմը կարող է լարել իրավիճակը, գնալ պատերազմի վերսկսմանը»,- շեշտեց նա։
Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանում դեռեւս սպասողական դիրք են գրավել, քանի որ լավ չեն հասկանում ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը. «Նրանք նաեւ փորձում են «զոնդաժ» անել միջնորդների դիրքորոշումը, փորձում են հասկանալ հայ-ռուսական եւ Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում ի՞նչ «լյուֆթեր» կան, որոնք կարելի է օգտագործել»։
Երվանդ Բոզոյանը չի կիսում տեսակետը, թե Ադրբեջանում կվախենան պատերազմ սկսել, որովհետեւ Արեւմուտքի արձագանքը շատ ավելի ուժգին կլինի: «Եթե նրանք զգան, որ շատ կարճ ժամանակում մեծ հաջողություն կարող են արձանագրել, 100 տոկոս դա կսկսեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ բանակցություններում այս «պաուզան» նրանք օգտագործեն իրենց օգտին»,- հավելեց քաղաքագետը:





























