Հայաստանի տարածքում հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ թույլ երկրաշարժ. այն տեղի է ունեցել հունվարի 21-ին, Վարդենիս քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տասնմեկ երկրաշարժ:
Հունվարի 20-ին երկու 3 բալանոց սեյսմիկ ցնցում է տեղի ունեցել. Թուրքիա-Հայաստան սահմանային գոտում` Կարս քաղաքից 42 կմ դեպի հարավ-արեւելք, եւ Ադրբեջան (Նախիջեւան)-Հայաստան սահմանային գոտում` Օրդուբադ քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք: Ստորգետնյա էներգիան դեռ չի պարպվել Վրաստանի արեւմտյան հատվածում: Հունվարի 20-ին Վրաստանի Քութայիսի քաղաքից 50 կմ դեպի հարավ գրանցվել է 3-4 բալ, իսկ հունվարի 23-ին` 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հունվարի 21-ին տեղի է ունեցել 4 բալանոց երկրաշարժ, որի էպիկենտրոնն է Ադրբեջանի Բիլասուվար քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք ընկնող հատվածը:
Այդ օրը Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Հիրսա քաղաքից 20 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, Վան քաղաքից 41 կմ դեպի հյուսիս-արևելք: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Խոյ գավառում: Հունվարի 25-ին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խոյ քաղաքից 2 կմ դեպի հարավ-արևելք, որին մի քանի ժամվա ընթացքում հետեւել է 4-5 բալ ուժգնությամբ երկու հետցնցում: Նույն օրվա ընթացքում Իրան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում` Մակու քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւելք, գրանցվել է 3 բալանոց սեյսմիկ ցնցում: Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ:
Հունվարի 24-ին, Տաջիկստանի Կարակուլ քաղաքից 95 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ:
Ստորգետնյա տատանումները զգացվել են մայրաքաղաք Դուշանբեում: Նույն ուժով երկրաշարժ է տեղի ունեցել հունվարի 26-ին, Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիս-արեւմտյան ափամերձ գոտում, ինչը ցունամի չի հարուցել: Զոհեր եւ ավերածություններ չկան:




























