Ես ուրախ եմ, որ «ԱԼՄ» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը: Այդ մասին հունվարի 27-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:
Նա կարծում է, որ Տիգրան Կարապետյանը՝ իր գնած դիպլոմներով, սադրիչ է եւ խայտառակում է Հայաստանը. «Հարցերը, որ մի քանի տարի առաջ դրվել են Հայաստանում հակասեմականության մասին, «ԱԼՄ» հեռուստաալիքի սադրանքն էր, քանի որ հրեական համայնքը երբեք հակասեմականության հարց չի դրել, երկրում երբեք չի եղել ու չի կարող լինել հակասեմականության հարց: Իսկ նրա ելույթները, սադրիչ զանգերը ուղիղ եթերում բերեցին նրան, որ ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրացրեց Հայաստանում հակասեմականության մասին հարց»:
Վարժապետյանը միաժամանակ հայտարարել է, թե ափսոս էր հեռուստաալիքը, բայց «նրա անձը կարեւորություն չի ներկայացնում Հայաստանի համար, թեեւ քիչ բան չի արել ժողովրդի համար»: Դիտարկմանը, թե ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեին հանդես գալ այդ ալիքով, Վարժապետյան-Ֆելլերն ասել է. «Հետո՞ ինչ»:
Նրա հետ համաձայն չէր Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը. «Տիկին Վարժապետյանը մասնավոր կարծիք ունի «ԱԼՄ» հեռուստաալիքի փակման վերաբերյալ: Որքան ես գիտեմ, դա Տիգրան Կարապետյանի եւ տիկին Վարժապետյանի մասնավոր հարաբերությունների հետեւանք է»: Ըստ Հասանովի, «ԱԼՄ»-ն ժողովրդավար ալիք էր, որտեղ ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց մշակույթը:





























