ԵԽԽՎ-ի պատվիրակները հունվարի 27-ին հանդես են եկել գրավոր հռչակագրով, որի անվանումն է. «Լեռնային Ղարաբաղի Ժողովրդավարական պետության կառուցում»:
Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20 թթ գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդավարական պետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ պետության մասը։ Միայն քեմալականների եւ բոլշեւիկների միջեւ տեղի ունեցած «գործարքի» արդյունքում է, որ Արցախը դարձել է Սովետական Ադրբեջանի մաս։
«1991 թվականին Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով կողմ է քվեարկել անկախանալուն, ինչին հետեւել են բազմաթիվ միջազգային դիտորդներ։ Սակայն, հրաժարվելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են 1994 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրով։ Թեեւ Ադրբեջանը դեռեւս խախտում է դրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարվելով միջազգային նորմերով եւ չափանիշներով, ինչի կարեւոր էլեմենտներից է 2006 թվականին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն։
Շատ միջազգային դիտորդներ, փորձագետներ ու լրագրողներ ընդունել են այդ հանրաքվեն, ինչպես նաեւ դրան հաջորդած նախագահական եւ խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այդ ընտրությունները նրանք դիտարկել են որպես ժողովրդավարական, ազատ եւ արդար։ Մեծ թվով քաղաքական կուսակցություններ, լրատվամիջոցներ եւ ՀԿ-ներ են գործում Արցախում, իսկ այդ երկրի շուկայական տնտեսությունը եւ ազգային օրենսդրությունը համապատասպանում են միջազգային չափանիշներին։ Լեռնային Ղարաբաղը, իր առջեւ դնելով ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակ, հանդիսանում է կայացած պետություն եւ արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային բոլոր կազմակերություններին անդամակցելու»,-ասված է փաստաթղթում։
Նշենք, որ փաստաթղթի տակ ստորագրել է ԵԽԽՎ 29 պատգամավոր՝ ԵԽ անդամ 12 երկրներից։





























