ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 10-ի իրն նիստում հավանություն չտվեց ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր Հարկային օրենսգրքի փոփոխություններին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին: Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է: Խոսքը վերաբերում է բազմակի օգտագործման տարաների հարկման ռեժիմի հետ: Հաճախակի փոփոխությունը եւ տեղային լուծումը բերում է նրան, որ սպասվում են ոչ արդյունավետ լուծումներ:

Մենք առաջարկում ենք, որ տարաները հարկվեն ավելացված արժեքի հարկով, որ ունենանք արդար հարկման համակարգ: Միակ բանը, որ համաձայն ենք այն է, որ չի կարելի թույլ տալ, որ նույն տարան երկու անգամ հարկվի, այդ հարցով քննարկումներ ենք անցկացնում»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այժմ մենք պատրաստում ենք հարկային օրենսգրքում էական եւ լուրջ փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական միջավայրի բարելավումը: Աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պետք է բոլոր մտահոգությունները հաշվի առնի:

Քանի որ մինչեւ աշուն պետք է աշխատենք այդ փոփոխությունների վրա, լավ կլինի, որ այն աշխատանքային խմբերը, որոնց հետ այս թեմաները քննարկել ենք, փորձենք առաջարկների հոսք ապահովել, որ փոփոխությունների նախագծի ձեւավորումը լինի հնարավորինս մասնակցային: Այսինքն ոչ թե մի խմբով փակվում ենք մի սենյակում եւ նախագիծ ստեղծում, այլ փորձենք շահարգիռ կողմերին ներգրավել»: