Թուրքիայի դիրքորոշումը պարզապես կառուցողական չէ, այլ ապակառուցողական է ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Russia Today-ին տված հարցազրույցում:
«Մենք սկսեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցություններ վարեցինք եւ հանգեցինք արձանագրությունների ստորագրմանը՝ ի սկզբանե պայմանավորվելով թուրքական կողմի հետ, որ դա անում ենք առանց նախապայմանների: Իսկ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան իր մեջ ուժ չգտավ կատարել միջազջագյին իրավունքի ամենակարեւոր սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda-ն, այսինքն, պայմանավորվածությունները պետք է կատարվեն»,- ասել է նախարարը:
ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել, վկաների ներկայությամբ ստորագրել են արձանագրությունները: Դրանից հետո թուրքական կողմը վերադարձավ գրեթե նույն նախապայմաններին, որ առաջ էր քաշում բանակցություններից առաջ, եւ ինչի պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գտնվում էր փակուղում:
«Ի՞նչ նախապայմաններ են: Առաջինը, դա ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական կարգավորման հետ կապելու փորձն է: Միջնորդ երկրները բազմիցս նշել են, որ դրանք երկու տարբեր գոծընթացներ են, եւ շաղկապումը վնաս է հասցնելու թե մեկին, թե մյուսին»,- ընդգծել է Նալբանդյանը:
Երկրորդ պահը, ըստ նախարարի, դա Ցեղասպանության ճանաչման հարցն է: «Երբ սկսում էինք գործընթացը, չնայած Թուրքիան 95 տարի զբաղվում էր ժխտողականությամբ, ասացինք, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ հարաբերությունների կարգավորման համար: Բայց դա չի կարող նախապայման լինել Թուրքիայի կողմից Հայաստանին»,- նկատել է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:





























