«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ ինչ ձեւաչափով կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն անպայման  մասնակցելու է: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կուսակցության վարչության նիստ չի կայացել, որ պաշտոնական տեսակետը ասեմ, բայց ես իմ տեսակետը կասեմ, որ, ամենայն հավանականությամբ, այո, մասնակցելու ենք ավագանու ընտրություններին: Թեկնածուի մասին նույնպես դեռ չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ քննարկում դեռ չի եղել այդ թեմայով»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ «Ժառանգությունը» կարող է հաղթահարել նվազագույն 6 տոկոսի շեմը. «Այդ հարցում որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Հարցին, թե եթե հեղափոխությանը մասնակցած ուժերը չարձագանքեն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին՝ միասնական գնալ ընտրությունների, ի՞նչ է անելու այդ դեպքում «Ժառանգությունը», Մարտիրոսյանն ասաց, որ այդ պարագայում իրենք միայնակ կգնան ընտրությունների, սակայն, ամեն դեպքում, մասնակցելու են:

«Եթե պարոն Հովհաննիսյանի առաջարկն ընդունվի, ինչն իր մեջ խիստ քաղաքական ենթատեքստ է պարունակում, կգնանք այդ ուղղությամբ, եթե ՝ ոչ, ապա «Ժառանգությունը» միայնակ մասնակցելու ի սկզբանե պատրաստ է, կարող է միայնակ մասնակցել կամ այլ դաշինքով, որեւէ խնդիր չեմ տեսնում այդ առումով»,-ասաց կուսակցության վարչության նախագահը:

Նշենք, որ Ժառանգություն կուսակցության նախագահը հայտարարել էր, որ կոչ է անում ե´ւ խորհրդարանական, եւ ավագանու արտահերթ ընտրություններին միասնական ցուցակով գնալ: Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությանը դեռ ոչ ոք չի արձագանքել: