Մեքսիկայում իրականացվել է հանդուգն փախուստ՝ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ագուարուտո» բանտից երկու բանտարկյալ է փախել, որոնցից մեկը հայտնի «թիվ մեկ թմրաբարոն», «Գաճաճ» մականունով, «Սինալոա» թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանի հանցակիցն է, հայտնում է իսպանական El Pais պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Խուլիան Գրիմալդի Պարեդեսը խցակցի հետ, որը նույնպես կապ ունի թմրանյութերի վաճառքի հետ, հագել են հսկիչների համազգեստ եւ կիրակի լուսաբացին բանտից հեռացել գլխավոր դարպասով:
Սինալոա նահանգի Հանրային անվտանգության վարչության քարտուղար Ֆերմին Էրնանդեսի խոսքով՝ նրանց, հավանաբար, բանտապահներն են օգնել, քանի որ նրանք դուրս են եկել երկու հսկիչի ուղեկցությամբ, որոնց հիմա չեն կարողանում գտնել: Իսկ դարպասի մոտ 4 մեքենայով նրանց են սպասել հանցակիցները: Այս ամենը քննիչները հետագայում դիտել են տեսահսկման խցիկների տեսանյութերում: Փախած հանցագործներին որոնում են:
Իրեն՝ «Գաճաճին», որին Մեքսիկայում հատուկ պահպանվող բանտից փախուստից հետո գտան միայն 13 տարի անց, փոխանցել են ամերիկացիներին՝ հենց այն մտավախությամբ, որ նա կրկին փախուստի կդիմի: Նրա դեմ դատավարությունը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին:





























