Այս փուլում հայկական կողմին ձեռնտու չէ Լեռնային Ղարաբաղում որեւէ կտրուկ գործողության դիմել։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների ռուսական վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած հայտարարությունները։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս փուլում այս կամ այն կերպ վերաֆորմատավորում է իր հարաբերություններն արտաքին աշխարհի, եւ, մասնավորապես, Ռուսաստանի հետ։ «Ուստի, երբ վերաֆորմատավորում է ընթանում, ինչպես էլ այն ավարտվի, հիմա լավագույն ժամանակը չէ որեւէ կտրուկ գործողություն կատարելու համար»,– շեշտեց Պուխովը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը բերել է երկրի դիրքերի ուժգին թուլացման ինչպես ընդհանրապես տարածաշրջանում, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Սա ընդհանուր առմամբ հայկական շարքերում ցրվածություն եւ տատանումներ է առաջացրել։ Կարծում եմ, որ սա ոչ թե ամրապնդել է Զինված ուժերի մարտական ոգին, այլ հակառակը՝ այն խախտել է»,– նշեց փորձագետը։
Ռուսլան Պուխովի կարծիքով՝ նման իրավիճակում Ադրբեջանին դեռեւս ձեռնտու չէ շփման գծում իրավիճակի լարումը եւ Հայաստանի դեմ խոշորամասշտաբ մարտական գործողությունների վարումը։ Նա կարծում է, որ Հայաստանի վրա գործադրվող ճնշումը կհանգեցնի ազգային համախմբման, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին։ «Հիմա էլիտաների միջեւ պարզաբանումներ են ընթանում։ Բնակչության մի մասն աջակցում է նոր իշխանություններին, մյուսը՝ պոպուլիստական է համարում։ Ուստի ինչո՞ւ պետք է ադրբեջանցիներն , ըստ էության, միջամտեն ներհայկական պարզաբանումներին»,– եզրափակեց ռուսաստանցի փորձագետը։
Հիշեցնենք, որ EADaily–ի հետ հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական կողմին խորհուրդ էր տվել այդքան ինքնավստահ չլինել այն հարցում, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղում ռազմական իրադրության էսկալացիայի հարցը։ Այսինքն, նրա խոսքով, չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի հայկական կողմին համոզել դադարեցնել ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխան պատժիչ գործողությունները։ Նա միաժամանակ շեշտել էր, որ 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ իր ունեցած ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական եւ մասշտաբային հակազդեցության համար։





























