Միացյալ նահանգները վերջին մի քանի տարիներին աջակցություն են ցույց տվել Եգիպտոսի ընդդիմադիր շարժմանը: Նաեւ շնորհիվ այդ աջակցության, եգիպտացի ընդդիմադիրները կարողացան նախապապտրաստել Հոսնի Մուբարաքին նախագահի պաշտոնից հեռացնելու գործը: Սակայն, ինչպես կարծում է արեւմտյան մամուլը, Վաշինգթոնին հետաքրքրում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ նավթը, Իսրայելի ճակատագիրն ու ահաբեկչության սպառնալիքը:

Կահիրեում ԱՄՆ դեսպանատնից Պետդեպարտամենտ ուղարկված գրություններում, որոնք հրապարակել է WikiLeaks-ը, խոսքը գնում է «Ապրիլի 6» շարժման մասնակից ոմն «այլախոհի» մասին, ով ԱՄՆ դեսպանատան օգնությամբ 2008-ին մեկնել է ԱՄՆեւ այնտեղ մասնակցել «Երիտասարդական շարժումների ալյանս»-ի համագումարին: Այդ հանդիպումների շրջանակում նա հանդիպել է այլ նմանատիպ շարժումների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ վարչակազմի անդամների հետ, ովքեր հետաքրքրվել են Եգիպտոսում ժողովրդավարական փոփոխությունների ծրագրերով:

Նա պնդել է, որ «Եգիպտոսի կառավարությունը երբեք չի ձեռնարկի զգալի բարեփոխումներ, ուստի եգիպտացիները պետք է փոխեն խորհրդարանական ժողովրդավարության  գործող ռեժիմը»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քաղաքագետները կարծում են, որ դժվար թե իշխանափոխությունից հետո իշխանության երկար մնա ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մուհամեդ Ալ-Բարադեյը, ում ընդդիմությունը իրավունք է տվել իր անունից բանակցել իշխանությունների հետ ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ: Նա երկիր ղեկավարելու փորձ չունի եւ եթե անգամ իշխանության գա, կես տարուց ավելի չի դիմանա:

Փորձագետները մտավախություն ունեն, որ Մուբարաքի հանդեպ ատելության հողի վրա իշխանության կարող են գալ իսլամիստները՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը: Եթե իշխանությունը հայտնվի նրանց ձեռքում, դա անխուսափելիորեն կբերի Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման, գրում է InoPressa-ն՝ վկայակոչելով The Washington Post-ի, Le Figaro-ի եւ  Spiegel-ի հոդվածները: