Հուլիսի 15-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ծնողները դեռ ոչ մի տեղեկություն չունեն իրենց որդու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը:

«Ծնողները կապի մեջ են Կարմիր խաչի հետ, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դեռ ոչ մի տեղեկություն չունեն իրենց որդուց»,-ասաց գյուղապետը:

Սմբատ Մուղդուսյանի խոսքով` Կարեն Ղազարյանի դեպքից հետո գյուղում, հատկապես ծայրամասային փողոցներում, լուսավորությունը մինչեւ գիշերվա ժամը 4:00-ին միացրած են թողնում. «Հաշվի ենք առնում, որ 5-ից արդեն լույս է, մինչեւ 4:00-ն ենք պահում, բայց ձմեռվա ամիսներին մինչեւ 6:00-ն միացրած կթողնենք»:

Նշենք, որ երեկ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: