Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդակցություններ է անցկացնում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը որոշելու հարցով, հաղորդում է Գրուզիա օնլայնը:

Վրացական Առաջին ալիքը վկայակոչելով նախագահական եւ կառավարական աղբյուրներին, հաղորդում է, որ Վրաստանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 28-ին տեղի կունենան: Այս մասին նախագահը պաշտոնապես կհայտարարի առաջիկա  ճեպազրույցում:

Ընտրական օրենսգրքի համաձայն Վրաստանում նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության օրվա պաշտոնական նշանակումից անմիջապես հետո: Միեւնույն ժամանակ ընդդիմության մի քանի թեկնածուներ սկսել են նախընտրական քարոզարշավը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը  դեռեւս չի հայտնել իր թեկնածուին:

Մարգվելաշվիլին նախկինում հայտարարել էր, որ չի բացառում առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը: