Հեղափոխությունից հետո մի շարք համայնքների ղեկավարների հրաժարականը պետք է գնահատել որպես միջամտություն իշխանությունների կողմից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Եթե համայնքի ղեկավարը սկզբում հայտարարում է, թե հրաժարական չի տալու, բայց հետո հրաժարական է տալիս ու դրա հետ մեկտեղ չկա չարաշահման քրեական գործ, դա պետք է գնահատել որպես միջամտություն»,–նշեց նա։

Էմին Երիցյանի կարծիքով՝  որպեսզի հեղափոխությունը արդյունք տա, պետք է շարունակվի նաև համայնքներում. «Ոմանք պնդում են, որ համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան։ Ես այդ մոտեցմանը կողմնակից չեմ, հեղափոխության տրամաբանությամբ այդ փոխհարաբերությունները կառուցելը վտանգավոր է ընդհանրապես ժողովրդավարության տեսանկյունից։ Նախկինում, օրինակ, մարզպետները նաև մարզի կուսակցության ղեկավարներն էին, այսինքն՝ դա դառնում էր իշխանության կուսակցական համակարգ։ Այս ռիսկը կա նաև այսօր, եթե կառավարության և տեղական իշխանությունների միջև փոխհարաբերությունները կառուցվեն հին ավանդույթներով»։

Հայաստանի համայնքների միության նախագահը շեշտեց՝ համայնքները վերջին 10 տարվա ընթացքում լճացել են, իսկ հեղափոխությունը պետք է լիներ նրանց ազատություն տրամադրելը։

Նրա համոզմամբ՝ մյուս գերխնդիրը ֆինանսների ապակենտրոնացումն է, քանի որ «հանրային ռեսուրսների 92 տոկոսը ծախսվում է կենտրոնական իշխանությունների կողմից, իսկ դրա արդյունքնում տեղական իշխանության կախվածություն է առաջանում»։