Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Ըստ էության, պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն:
Այս մասին հայտնել է Գոռ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կալանավորվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։
Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր նրանց կալանավորելու միջնորդությունը։
Մասնավորապես Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության համար, բացի այդ նա անցնում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ դրվագով. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։




























