ԱՄՆ-ում եւ Կանադայում Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ֆահդ բին Իբրահիմ Ալ Թամիմին հայտարարել է, որ Էր Ռիադը դադարեցնում է Կանադայում բոլոր բժշկական ծրագրերը եւ զբաղվում է իր բոլոր հիվանդներին այլ երկրների հիվանդանոցներ տեղափոխելով, հայտնում է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ԱՄՆ-ում եւ Կանադայում Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը դադարեցրել է Կանադայում բոլոր բժշկական ծրագրերը եւ ղեկավարության հրահանգների համաձայն՝ զբաղված է կանադական հիվանդանոցներից բոլոր սաուդցի հիվանդներին Կանադայի սահմաններից դուրս այլ հիվանդանոցներ տեղափոխելով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալ Թամիմին հայտարարել է, որ նախարարությունը ձգտում է ապահովել Կանադայում բուժվող սաուդցի քաղաքացիների անվտանգությունը եւ նրանց բուժումն ավարտել այլ երկրներում:

Անցած հնգշաբթի Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ էր արել երկուսին էլ ազատել:

Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաեւ Էր Ռիադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար:

Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր  Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը եւ սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը: Երեքշաբթի Ֆրիլանդը հայտարարել էր, որ Օտավան կշարունակի հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանությամբ, չնայած Սաուդյան Արաբիայից իր դեսպանի արտաքսմանը

«Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ: Նրա կինը եւ երեք երեխաները Կանադայում են: