Ռուսաստանից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2010թ. ընթացքում նվազել են 11,6 տոկոսով՝ կազմելով 1440.1 մլն խմ՝ 2009թ.-ի 1628.7 մլն-ի դիմաց: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայռուսգազարդից»։
Նշված ժամանակահատվածում իրացման ծավալները նվազել են 18 տոկոսով եւ կազմել 1361.7 մլն խմ՝ 2009թ.-ի 1660.8 մլն-ի դիմաց: Իրացումը կատարվել է նաեւ ներքին պաշարների հաշվին:
Նախորդ տարվա համեմատ 14,9 տոկոսով նվազել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 471.0 մլն խմ՝ 2009թ.-ի 553.2 մլն-ի դիմաց: Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի իրացումը: Այն կազմում է 145.2 մլն խմ կամ 60,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: 11,2 տոկոսով նվազել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 156.4 մլն խմ:
Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 270.8 մլն խմ, ինչը 4,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 4,2 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 318.2 մլն խմ:





























