Մոսկվայում նկարահանվող «Ընդհատված երգը» ֆիլմը, կինոյի լեզվով հայ եւ ադրբեջանցի  ժողովուրդների հակամարտության մեջ պարզաբանում մտցնելու փորձ է: Այս մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսում նշեց գեղարվեստական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

«Արվեստը կոչված է միավորել մարդկանց, հենց դա ենք մենք փորձում անել: Զենք ճոճելու եւ անիմաստ սպառնալիքների ժամանակները պետք է անցյալում մնան: Ղարաբաղն ինքնորոշվել, անկախացել է դեռ 1991 թվին, եւ այժմ հետքայլ չի կարող լինել: Ադրբեջանը պետք է այնքան արիություն գտնի իր մեջ, որ ընդունի այս փաստը եւ սատարի հարաբերությունները կարգավորելու կառուցողական երկխոսությանը: Մեր ֆիլմը լավ առիթ է երկու ժողովուրդների փոխըմբռնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համար»,- ասաց նա:

Ա. Պողոսյանի խոսքով, նկարահանող խումբը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցության բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում ադրբեջանցիների հետ, սակայն նրանց կողմից համագործակցության որեւէ առաջարկ չի եղել: «Ադրբեջանը ջանք չի խնայում ապագա կինոնկարը վարկաբեկելու համար»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ֆիլմում շեշտվում է երկու ժողովուրդների էթնիկ անհամատեղելիությունը, Պողոսյանն ասաց. «Չխոստովանել, որ մեր հասարակություններում շատերն ունեն այդ կարծիքը, արդարության դեմ մեղանչել կլինի: Խոսել առկա կարծրատիպի մասին` չի նշանակում «նկարահանել ֆիլմ էթնիկ անհամատեղելիության մասին: Հակառակը` մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո, որը քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկների հանցավոր պայմանավորվածությամբ 20-րդ դարեսկզբին մտցվել է Ադրբեջանական ՍՍՀ կազմ, կարող են ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների հարաբերությունների կարգավորման նախադրյալներ: Զուր չէ ընտրված ֆիլմի կարգախոսը. «Պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն է»:

Նկարահանող խումբը զղջում է, որ Ադրբեջանը` ղեկավարվելով «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքով, ամեն կերպ փորձում է խոչընդոտել նախագծին եւ ագրեսիվ արշավ է ծավալել լրատվամիջոցներում:

«Մենք կոչ ենք ադրբեջանական կողմին դրսեւորել ողջամտություն եւ միանալ նախագծին»,- ասաց Պողոսյանը, տեղեկացնելով, որ ֆիլմի շնորհանդեսը կկայանա արդեն փետրվարի վերջին: Նշվեց նաեւ, որ ֆիլմի պաշտոնական`www.prervannaya-pesnya.ru կայքի գործարկումից հետո, երկու շաբաթվա ընթացքում, այն ունեցել է ավելի քան հարյուր հազար այցելու, որոնցից ավելի քան 30000-ը ադրբեջանական IP-հասցեներից:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» ֆիլմի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Սյուժեի համաձայն, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայն ու ադրբեջանցին ընկնում են խորը հորի մեջ, եւ նրանց միջեւ երկխոսություն է ծավալվում:

Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որեւէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը` ստեղծված իրավիճակից:

Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետեւ նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը: