Կառավարության որոշմամբ, այսօր՝ փետրվարի 2-ին ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվելու է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահան Պողոսյանը: Վերջինս այս պաշտոնին էր նշանակվել նոյեմբերից, Գագիկ Սայադյանի հրաժարականից հետո: Մինչ այդ Վահան Պողոսյանը բուժ վարչության պետն էր:
ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակելու համար երկու անգամ Քաղաքացիական ծառայության խորհուրդը մրցույթ է կազմակերպել, սակայն Վահան Պողոսյանը ոչ մեկին չի մասնակցել՝ առողջական վիճակի պատճառաբանությամբ:
NEWS.am-ի տեղեկությունների համաձայն, նա հրաժարվել է մասնակցել՝ համոզված լինելով, որ ուրիշ թեկնածուի են անցկացնելու: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, առաջիկայում ժամանակավոր պաշտոնակատար են պատրաստվում նշանակել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի իրավախորհրդատու Սուրեն Քրմոյանին, որին էլ կթողնեն այդ պաշտոնում: Իսկ Վահան Պողոսյանը հայտնվելու է նախարարության աշխատակազմից դուրս, քանի որ նրա նախորդ պաշտոնն արդեն Ժամանակավոր պաշտոնակատար ունի: Նշենք, որ Պողոսյանը ՀՀԿ-ական է, իսկ նոր ղեկավարն՝ անկուսակցական:




























