Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով. դա Ամուլսարի հանքավայրն է: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
Հետախուզման արտոնագիրն ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական Lidian International ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ: Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է:
Տարեցները ցույց են տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդյունահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանությունների հաստատումից հետո հեռացան: «Խորհրդային իշխանությունները խնայում էին ոսկին կամ թե ուրիշ բան, բայց չէին արդյունահանում»,- ասացին մեզ Ամուլսարից 18 կմ հեռավորության վրա տեղակայված Գորայք գյուղում:
Ընկերության տվյալներով հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի (մոտ 40 տոննա): Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման (метод кучного выщелачивания) մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97 տոկոս ոսկի կորզել: Այդ մասին ասված է Highlights բաժնում («Ամենագլխավորը»), որով բացվում է ընկերության կայքը:
Lidian International-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, Newmont Mining Corporation-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խմբի մի մասն է:





























