Քաղաքացիների իրավունքները վերականգնում են այն պաշտոնյաները, որոնք էլ խախտել են դրանք...
2010թ. Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը ստացել է 4089 դիմում-բողոք՝ 5221 անձից, որից 1253-ը գրավոր կարգով. դրական ընթացք են ստացել 123 դիմումներ, վերականգնվել է 562 անձի իրավունքը:
Այդ մասին փետրվարի 2-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով տարեկան հաշվետվությունը:
Օմբուդսմենը նաեւ հրապարակել է պետական ատյանների «վարկանիշը», որոնցից դժգոհում են քաղաքացիները: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանի դեմ ստացվել է 447, ոստիկանության դեմ՝ 233, դատարանների դեմ՝ 185, գյուղական վարչակազմերի՝ 179, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության՝ 141 բողոք:
Զեկույցում ներկայացվել են նաեւ օմբուդսմենի գործունեության հիմնական ուղղությունները եւ կատարված աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատուկ եւ խոցելի խմբերին՝ նորակոչիկներին եւ զինծառայողներին, երեխաներին, փախստականներին եւ ազգային փոքրամասնություններին:
Իր պաշտոնավարման ողջ ընթացքում՝ 2006-ից սկսած ՄԻՊ գրասենյակը 18 հազար 346 բողոք է ստացել 28 հազար 41 անձանցից, վերականգնվել է 8703 անձի իրավուն: Ըստ Հարությունյանի՝ վերականգնման նման քանակությունը դրական ցուցանիշ է, քակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը կայացած ժողովրդավարական երկիր չէ եւ քաղաքացիների իրավունքները վերականգնում են դրանք խախտած պաշտոնյաները, այդ տեսանկյունից դրական ցուցանիշը միանշանակ լինել չի կարող:





























