Մալավիում գյուղացիները հարձակվել են BBC-ի նկարահանող խմբի վրա՝ լրագրողներին ծիսակարգի համար երեխաների մարդասպան կարծելով, հաղորդում է BBC-ն:
Երկրի հյուսիսում ինչ-որ մեկը սպանում է երեխաներին՝ անդամահատելով նրանց մարմնի մասերը: BBC-ի լրագրողները որոշել են սեփական հետաքննությունն անցկացնել: Տեղաբնակները կարծում են, որ սպանված երեխաներին մասնատում են հատուկ ծիսակարգի ժամանակ:
Հետաքննությանը մասնակցել է Գանայից աֆրիկացի լրագրող, որը հայտնի է Անաս Արեմեյո Անաս կեղծանունով: Նա դիմել է տեղի կախարդներից մեկին՝ ներկայանալով որպես գործարար, որին նոր գործում հաջողություն է պետք:
Կախարդը գիշերը գնացել է հանդիպման եւ ասել, որ կարող է սպանել երեխայի, իսկ հետո խմել նրա արյունը, որպեսզի հաջողությունն ուղեկցի «գործարարին»:
Սակայն տեղաբնակներն ընդհատել են նրանց զրույցը, որոնք Անասին ու նկարահանող խմբի անդամներին երեխաների մարդասպան-վամպիր են համարել:
Լրագրողներին հաջողվել է փախչել զայրացած ամբոխից եւ թաքնվել ոստիկանների մոտ: Միջադեպից հետո որոշվել է դադարեցնել հետաքննությունը: Կախարդին նույնպես հաջողվել է փախչել:


























