Ամանորի նախօրեին Հայաստանի բնապահպանության նախարարությունը եղեւնիներ հատելու ապօրինի թույլտվություններ է տվել։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը։
Նրա խոսքով՝ փշատերեւ ծառերի հատումը տոնական նպատակներով Հայաստանում արգելվել է 2003 թ.՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հրամանով։ Սակայն ներկայիս նախարար Արամ Հարությունյանն այդ արգելքը հանել է, եւ սոճիների ու եղեւնիների հատման թույլտվություններ է տվել անգամ Սեւանի Ազգային պարկի տարածքում։
Բնապահպանության նախարարությունն ավելի հեռու է գնացել։ Նախարարի թույլտվությամբ եղեւնիներ են հատվել «Հայաստանի անտառներ» հ/կ-ին պատկանող հատուկ պահպանվող տարածքից։ Այնուհետ այդ եղեւնիները վաճառքի են հանվել Կոմիտաս փողոցում՝ միանգամայն օրինական հիմքերով։
«Այդ տնկարանը ստեղծեցինք մեր սեփական ուժերով։ Կանադայից ներմուծեցինք աֆղանական սոճիներ, որ արագ աճում են, 3 տարում հասնում են 1,5 մետր բարձրության։ Ի՞նչ իրավունք ուներ նախարարությունն այդ ծառերը հատելու թույլտվություն տար»,- ասաց Ն. Վարդանյանը։ Իսկ ծառերը, պարզվում է, նախատեսված էին դպրոցներին ու մանկապարտեզներին տրամադրելու համար։ «Արկղներով, հողով տրամադրում ենք դպրոցներին ու մանկապարտեզներին, որպեսզի երեխաները եւ բնական տոնածառ ունենան, եւ ծառերի մասին հոգ տանել սովորեն»,- ասաց Ն. Վարդանյանը։
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց նման թույլտվությունների փաստը։ «Կտրելու ենթակա փշատերեւները գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ են, մեր տրամադրության տակ միայն հատուկ պահպանվող տարածքներն են, որտեղ նման հատումներն արգելվում են։ Գուցե գիտական նպատակներով մի քանի ծառ հատելու թույլտվություն տված լինենք, բայց ոչ ավելի»,- ասաց Ա. Պեպանյանը։




























