Թուրքիայի հայ համայնքի աշխարհիկ ներկայացուցիչները հանդես են եկել նախաձեռնությամբ`  ուժգնացնել ճնշումը, որ պատրիարք ընտրելու իրենց իրավունքը հարգվի, գրում է Nouvelles d`Arménie-ն` վկայակոչելով թուրքական Hurriyet-ը:

Հայ համայնքը երկու հայց է պատրաստում թուրքական կառավարության դեմ, որոնցից մեկի իմաստն է` նոր պատրիարքի ընտրության թույլտվություն ստանալ: Համայնքի փաստաբան Սեբուհ Ասլանգիլն ասել է, թե երկրորդ հայցով պահանջում են չեղյալ հայտարարել փոխպատրիարքի պաշտոնը: Ասլանգիլը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցում նման պաշտոն գոյություն չունի:

Համայնքի աշխարհի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ստամբուլում: նախաձեռնությունը նախկինում 6 հազար հայերի ստորագրություններ էր հավաքել` պատրիարքի ընտրության պահանջով: Նշենք, որ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը չի կարողանում կատարել իր պարտականությունները առողջական խնդիրների պատճառով:

Համայնքի ներկայացուցիչ Գարո Փայլանը քննադատել է փոխպատրիարք Արամ Աթեշյանին. «Աթեշյանը կրկնումէ  կառավարության ասածները, ուր էլ նա գնա, հայտարարում է, թե մենք խնդիր չունենք թուրքական կառավարության հետ:  Մեզ պետք է մարդ, ով չի վախենում ասել, ինչ մտածում է, եւ ով կարող է պատշաճ կերպով ներկայացնել մեր համայնքը»,- ասել է նա: