50 տարի առաջ հիմնադրված Ջերմուկի հայտնի պուրակը հայտնվել է վտանգի առջեւ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին լրագրողներին տեղեկացրին բնապահպաններ Նազելի Վարդանյանն ու Ինգա Զառաֆյանը։
Պուրակը կարեւոր դեր ունի առողջարանային այդ քաղաքի էկոհամակարգի համար՝ գտնվելով ծովի մակերեւույթից 2700 մետր բարձրության վրա՝ Ջերմուկը թթվածնի պակասի խնդիր ունի։
Այգում մեծ թափով իրականացվել են ծառահատումներ։ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը ծառերի անկումը մեկնաբանել է քամիներով եւ տեղումներով, սակայն բնապահպանները եւ տեղացիները պնդում են, որ քաղաքում շատ ուժեղ քամիներ եւ չափից ավելի տեղումներ չեն եղել։
Իրականում, ըստ Ն. Վարդանյանի, պուրակը հատվում է կազինո կամ նման բան կառուցելու համար։
Պուրակը նախկինում զբաղեցրել է 17 հա, այնտեղ 187 տեսակի ծառեր կան։ Վերջին տվյալներով՝ այգուց արդեն խլվել է 5 հա տարածք։
Հատկանշական է, որ բնապահպանության պետական տեսչությունը այգուն հասցված վնասը գնահատել է 370 հազ. դրամ։ Ն. Վարդանյանն ասում է, որ դա արվել է միտումնավոր՝ եթե վնասի չափը գերազանցի 400 հազ, դրամը, ապա պետք է քրեական գործ հարուցվի։ «Այսօր հանրապետության բոլոր անտառներում անտառապահների դեմ դատական գործեր են բացված։ Բայց երբ գործը հասնում է խոշոր բիզնեսին՝ մեղմ պատասխանատվությամբ են գրում»,- ասաց Ն. Վարդանյանը։




























