Հայաստանը եւ Հունգարիան կարող են արդյունավետ համագործակցել ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում, հատկապես, որ 2011-ի առաջին կիսամյակում ԵՄ-ում նախագահելու է Հունգարիան: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիի հանդիպման ժամանակ:
Հ. Աբրահամյանը ողջունել է Հունգարիայի` Հարավային Կովկասի երկրների հանդեպ որդեգրած հավասարակշռված քաղաքականություն վարելու ուղեգիծը: Նա կարեւորել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ անթույլատրելի համարել այլ ձեւաչափեր հարցը տեղափոխելը, ինչը կարող է վտանգել խաղաղ բանակցությունների ընթացքը:
Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն է արտահայտել ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման առնչությամբ, որի գործունեությունը ժամանակին դադարեցվել էր անօգտակարության պատճառով: ԱԺ նախագահի համոզմամբ ենթահանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին:
Դեսպանը ողջունել է Հայաստանի ջանքերը ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ եւ ընդգծել, որ Հունգարիան նույնպես գտնում է, որ հարցի կարգավորման միակ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Պարոն Շագին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Հունգարիա այցելելու Հունգարիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը:





























