Հայաստանում անցումային արդարադատության մարմինների ձեւավորումը հնարավոր էր ապրիլ-մայիսին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ձեւավորելու առաջարկին:

«Որպես իրավաբան՝ ասում եմ, որ հիմա բարդ է, որովհետեւ ինքնին դատարանը պետք է ձեւավորվի օրենքով, մինչդեռ հեղափոխության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո դա կարելի էր անել հեղափոխական չգրված սկզբունքների տրամաբանությամբ: Ապրիլ-մայիսին էր այդպիսի վիճակ. մենք հայտարարեցինք, որ վարչապետը նշանակվում է ժողովրդի կողմից եւ նրան տրվում է անսահման լիազորություն, այդ թվում՝ Սահմանադրությունն ու օրենքները հաշվի չառնելու եւ ԱԺ-ն ցրելու: Ասացին՝ չէ, օրենքով պիտի անենք, ասացինք՝ փակուղու առաջ եք կանգնելու. եկան կանգնեցին: Այդպիսի օրինակներ կան հեղափոխություն իրականացրած երկրներում՝ Ղրղզստան, Ուկրաինա եւ այլն: Հեղափոխական իրավիճակի պայմաններում ձեւավորվում են հեղափոխությանը բնորոշ մարմիններ: Հիմա ձեւավորման հարցում մի քիչ բարդ է լինելու, բայց ոչ անհնար»,- ասաց Հարություն Բաղդասարյանը:

Ըստ նրա, եթե հարցը դիտարկվի օրենքի սահմաններում, ապա նոր դատական համակարգ ստեղծելը, կլինի անօրինական. «Տրամադրվածությունը երկակի է, եթե օրենքով դիտարկենք, բնականաբար, այս պայմաններում նոր դատական համակարգ ստեղծելը կլինի անօրինական, երկրորդ՝ եթե նայենք՝ ապրում ենք հեղափոխական իրավիճակում, պետք է լինեն հեղափոխական դատարաններ, որոնք էլ ի վիճակի լինեն կայացնելու հեղափոխական իրավիճակին բնորոշ դատական ակտեր»:

Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ թեեւ օրենքի տեսանկյունից դա հնարավոր չէ այսօր իրականացնել, սակայն քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում պետք է գործեն հեղափոխական դատարանները:

«Այն գործերի դեպքում, որոնք ունեն քաղաքական մեծ հնչեղություն, պետք է քննությունն իրականացվի հանրային հեղափոխական դատարանների միջոցով: Եթե երկու (մեղադրանքի եւ պաշտպանության) կողմերն էլ ընդունում են, որ իսկապես այդ գործերը հանրային են, ապա այդ իրավիճակը հանգեցնում է հանրային դատարանների ձեւավորմանը: Նախորդ դարի 18-20-ական թվականներին եղել են այդպիսի դատարաններ եւ կոչվել են հեղափոխական տրիբունալներ: Ներկա հեղափոխական տրիբունալները պետք է լինեն հանրային, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի թե՛ դատարանների, թե՛ մեղադրյալների գործողություններին: Իմ պատկերացմամբ՝ հենց այս տրիբունալների բացակայությունն է, որ խնդրի առաջ է կանգնեցրել իշխանությանը»,- ասաց նա:

Փաստաբանը դարձյալ շեշտեց. օրենքի տեսանկյունից անընդունելի է, բայց պետք է հիշել նաեւ, թե այդ նույն օրենքներն ու Սահմանադրությունն ինչ ճանապարհով են գրվել եւ ինչպես են ընդունվել. «Այս ամենը հաշվի առնելով՝ ես համաձայն եմ, որ ՀՀ-ում ստեղծվի ժամանակավոր դատական համակարգ, որտեղ կընտրվեն կամ կնշանակվեն հանրության կողմից լիազորված անձինք: Իսկ այդ անձնաց անունները պետք է հրապարակեն եւ լսեն նրանց մասին մարդկանց ունեցած տեղեկությունները»: