Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական վարչությունից:

Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարեւոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի եւ Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարեւոր առաքելություն են ստանձնում, եւ այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետության բանակին, զինված ուժերին աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործում: Կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլեւ ոստիկանության համար, որովհետեւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետեւ հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին դիմում է դժվարության պահին՝ հայտնվելով ծանր իրավիճակում: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը եւ ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգությունը: Եվ այսօր տեղի ունեցողը հենց առաջին հերթին նպաստելու է ոստիկանության եւ ոստիկանության զորքերի  այդպիսի ընկալմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ եւ հպարտությամբ ստանձնել են այս պարտականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության ողջ համակարգին այս պատրաստակամության համար, այս հայրենասիրական քայլի համար, այս խիզախումի համար, եւ վստահ եմ, որ ոստիկանության զորքերն իրենց վրա դրված այս պատասխանատու պարտականությունը կատարելու են բարձր մակարդակով, յուրաքանչյուր հերթապահությունից հետո հպարտությամբ ու բաց ճակատով վերադառնալու են իրենց ընտանիքներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերի ծառայողների ընտանիքների անդամներին, նրանց կանանց եւ ծնողներին, նրանց երեխաներին, ովքեր, համոզված եմ, սիրով եւ հպարտությամբ են իրենց զավակներին, ամուսիններին, հայրերին ճանապարհում այս ծառայությանը: Սիրելի բարեկամներ, սիրելի եղբայրներ, ես ձեզ բարի, անփորձանք եւ  հաղթական ծառայություն եմ մաղթում եւ համոզված եմ, որ դուք այդ ծառայությունը կիրականացնեք պատվով եւ հաղթական:

Եվ ուրեմն, կեցցե′  Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կեցցե′ն Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը եւ կեցցե′  հայ ժողովուրդը»: