Գնաճն այդքան սարսափելի չի լինի, եթե մարդկանց եկամուտները դինամիկ կերպով աճեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նա հորդորեց գնաճի մասին իմպերատիվ դատողություններ անելուց առաջ թվերին նայել. «Օրինակ, Մալաթիայի շուկայում 100-150 դրամով գնել ընտիր լոլիկ, այլ բան է, որ վերավաճառքի ինստիտուտը շարունակում է աշխատել։ Եթե նայենք պաշտոնական վիճակագրությանը, երեք ամսում ունենք 2.4 տոկոս գնաճ»,–նշեց նա։

Ատոմ Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ գնաճն այդքան սարսափելի չի լինի, եթե մարդկանց եկամուտներն դինամիկ կերպով աճեն. «Խնդիրն այստեղ է։ Ելքը ներառականությանն անցելն է,  եկամուտները արդար բաշխելով, հարկերը նվազեցնելու միջոցով միջին եկամտային խմբերի եկամուտները ավելացնելով»։

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ շարքային քաղաքացին մինչեւ տարվա վերջ կզգա տնտեսական աճի ազդեցությունը. «Այս ամիսներին տեղի ունենում ինստիտուցիոնալ իրավական տրանսֆորմացիա, ստվերում գտնվող տնտեսության բացահայտում: Մինչ այդ շուկան արհեստական գնային ազդանշանային դաշտում են գործել, մեծ եկամուտները չեն ֆիքսվել։ Իսկ հարկերի մասով 7 ամսվա տվյալներով՝ 766 մլրդ դրամը, այսինքն՝ 15 տոկոսով ավելի գումար է գանձվել, այդ դինամիկայի դեպքում մինչեւ տարվա վերջ մարդիկ կզգան փոփոխությունը, աշխատավարձերն ու թոշակներն կավելանան»։  Մարգարյանը շեշտեց՝ տնտեսության մեջ հեղափոխություններ կամ թռիչքներ հնարավոր չեն։

Նրա գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած առաջնահերթություններն, ըստ էության, գրեթե նույնն են։ «Եթե վերցնենք Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած առաջնահերթություններն ու 2011–ին Տիգրան Սարգսյանի կաբինետի «Արտահանման խթանման ռազմավարությունը», կտեսնեք, որ գրեթե նույն առաջնահերթություններն են, բացի հանքարդյունաբերությունը»։