ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկ միլիարդ դոլար է գնահատում իր բարի համբավին «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից հասցված վնասը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 3-ին հայտարարեց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը։ Նա, սակայն հավելեց, որ քանի որ օրաթերթը «մի շահի առած ա», այսինքն՝ ֆինանսական հնարավորությունները սուղ են, ուստի համեստ փոխհատուցում է պահանջելու։ ՀՖՖ նախագահը համոզված է, որ շահելու է դատը, եւ ստացված դրամական փոխհատուցումը ուղարկելու է ծերանոցներին կամ մանկատներին։
Նա նշեց, որ «Հայկական ժամանակ»-ում տպագրված այն հոդվածը, ըստ որի՝ Ռուբեն Հայրապետյանը զենքի, թմրանյութերի առեւտրով է զբաղվում, եւ անցնում է ՌԴ-ում հարուցված քրեական գործերով, հարինվածք է։ Իսկ թերթին նման տեղեկություն հաղորդած անձը՝ ռուսաստանաբնակ «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, Հայրապետյանի խոսքով, որպես անձ գուցե ընդհանրապես գոյություն չունի։ Եթե կլինի մի մարդ, որը կարող է նույնիսկ կարմիր լույսի տակ անցնելու կամ փողոցային երթեւեկության կանոն խախտելու մի հատ փաստ, տուգանք ցույց կտա, որը Ռուսաստանի Դաշնությունում իմ հետ կապված եղել է, խնդիր չկա»,-հայտարարեց պատգամավորը։
Նա նշեց, որ թերթը ժամանակ առաջ էլ էր հոդված տպագրել իր մասին, ինչի վերաբերյալ Հայրապետյանը դարձյալ դատական հայց էր ներկայացրել։
«Սակայն իրենք եկան դատարան առաջարկեցին հերքում տպագրել, ասեցի՝ լավ, հանեք դատական հայցը։ Բայց իրենք անընդհատ շարունակում են»,-նշեց Հայրապետյանը։ Նա նաեւ հավելեց, թե «հազար ու մի բան» է լսում ՀԺ-ի խմբագրի «անձնական ապրելակերպի հետ կապված», սակայն իրեն թույլ չի տալիս դրանք հրապարակայնացնել։ «Մի անգամ էլ «Իրավունք» թերթն էր գրել, որ ես Յապոնչիկին (քրեական հեղինակություն, որը մահացել է 2010-ին) ընդունել եմ Հայաստանում, մեր տունն եմ պահել, ինչ եմ արել...Ազգային հավաքականի հետ գնում ենք Ամերիկա, դեսպանատանն ասում են՝ քեզ չենք խփում (մուտքի թույլտվության կնիք դնելու մասին է խոսքը-խմբ.), որովհետեւ Յապոնչիկին ընդունել ես, բերել ես ձեր տուն»,-լրագրողների հետ անկեղծացավ ՀՖՖ նախագահը։ Նա միաժամանակ հավելեց, որ լրագրողները զգույշ լինեն որեւէ բան հրապարակելիս, քանի որ «ինչ գրում եք, սաղ աշխարհի սայթերի մեջ մնում ա»։





























