Երազ իմ երկիր հայրենի տողը, շատ երկար է ասվել, շատ երգերի ու գրվածքների մեջ է եղել, այդ հայրենիքի մասին երազել են թե՛ հայրենիքի ներսում, թե՛ Հայաստանից դուրս: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, եւ ժամանակն է, որ այս երազն իրականություն դառնա արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար:

«Ես ուզում եմ, որ դուք այստեղից ձեր միջավայր տանեք ձեր ծնողների, ձեր երեխաների՝ Հայաստան վերադառնալու սերմը, ՀՀ վերադառնալու անհրաժեշտությունն ու գիտակցությունը, սերը, քաղաքացիությունը: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ ՀՀ քաղաքացի է, պատիվ ունեմ ձեզ դիմել որպես սիրելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է, եւ շատ կարեւոր է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում խոսվի ՀՀ վերադառնալու գաղափարի ու անհրաժեշտության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ապրելու հայրենիք է. «Սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, հարստանալ եւ հարստացնել՝ գաղափարներով, սիրով, էմոցիաներով: Համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով՝ ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, այդ թվում՝ դուք ու ձեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»: