«Հետք» էլեկտրոնային պարբերականը ՀՖՖ նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցում հնչած հայհոյանքներով ձայնագրությունն ուղարկել է գլխավոր դատախազություն, որպես «Հաղորդում հանցագործության մասին»:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 2-ին Hetq.am կայքի լրագրողը զանգահարել է նրան, տեղեկանալու համար, թե ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին վերջերս դատի է տվել բարոյական վնաս կրելու համար:

Լսելով հարցը, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:

«Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է» դիտարկմանն էլ, արձագանքել է. «Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»: Այդ ասելուց հետո, հանրապետական պատգամավորն անջատել է հեռախոսը:

Լրագրողը նորից է զանգահարել, պարզելու համար նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, ու երբ Ռուբեն Հայրապետյանը ճշտել է, որ զրույցը ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ է սկսեց տալ:

Այս առնչությամբ, դատախազությանն ուղղված նամակում նշված է. «Պատգամավորը ակնհայտ խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը` ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված: Ուստի, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հաղորդմանը կցվում է «Հետք» շաբաթաթերթի «N4 (64) փետրվարի 3-9, 2011» համարը` համապատասխան հոդվածի առկայությամբ, հեռախոսազրույցի ձայնագրությունը` խտասկավառակի վրա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ձայնագրության բնօրինակը»: