«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Եղիազարյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
Լիպարիտ Սիմոնյանի խոսքով`Տիգրան Եղիազարյանին օգոստոս ամսին ծեծի են ենթարկել ոչ միայն կալանավորված անձինք, այլ նաեւ ՔԿՀ աշխատակիցներ։
«Նա հայտնել է, որ իր հետ կրկին կարող են հաշվեհարդար տեսնել, քանի որ ցանկություն է հայտնել մանրամասն ցուցմունքներ տալ միջադեպերի հետ կապված: Եւ փախուստի փորձն էլ այս միջադեպերի հետ է կապված»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ վերջին անգամ Եղիազարյանը ծեծի է ենթարկվել օգոստոսի 14-ին։
Նա նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ֆիքսել են կալանավորին ծեծի ենթարկելը։
Պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին եւ ՔԿՀ պետին, որպեսզի Տիգրան Եղիազարյանը տեղափոխվի մեկ այլ ՔԿՀ, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել:
Լիպարիտ Սիմոյնյանը նշեց, որ Տիգրան Եղիազարյանին ծեծի ենթարկելու հետ կապված նրանից հաղորդում են իրավապահները վերցրել եւ գործն ուղարկվել է ՀՔԾ:
«Տիգրան Եղիազարյանը բազմիցս հայտարարել է եւ հայտարարում է, որ ինքը մանրամասն ցուցմունքներ կտա միայն այն ժամանակ, երբ իրեն տեղափոխեն այլ ՔԿՀ: Հաշվի առնելով կալանավորների վերաբերմունքը այդ փաստին, ցուցմունք տալը կարող է վնասել Տիգրանին»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Տիգրան Եղիազարյանը մեղադրվում է թմրանյութերի իրացման մեջ:





























