Սերբիայի եւ Կոսովոյի նախագահները հայտարարել են, որ պատմական խաղաղ կարգավորմանը հասնելու համար դիտարկում են երկու երկրների սահմանների փոփոխությունը եւ կոչ են արել Եվրամիությանն առանցքային աջակցություն ցուցաբերել իրենց ջանքերին: Այս մասին հաղորդում է «Եվրոպական ճշմարտություն»-ը՝ վկայակոչելով Politico-ն:

Կոսովոն եւ Սերբիան սահմանների փոփոխության գաղափարը սկսել են քննարկել մի քանի շաբաթ առաջ: Սակայն նախագահների՝ այս կապակցությամբ նախօրեին արված հայտարարություններն առաջին անգամ էին հնչեցվում միջազգային հանրության առջեւ:

Պարբերականը նշում է, որ Ավստրիայում կայացած քննարկումների ժամանակ արված իրենց հայտարարությամբ Ալեքսանդր Վուչիչը եւ Հաշիմ Թաչին բարդ իրավիճակի մեջ են դրել Եվրամիությանը:

ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Խանը, ով եւս ներկա էր քննարկումներին, դիվանագիտական դիրքորոշում է արտահայտել՝ հայտարարելով, որ երկրների միջեւ բանակցությունների այս փուլում ոչինչ բացառել չի կարելի, սակայն առաջնորդներին կոչ է արել ապահովել, որպեսզի ցանկացած գործարք չապակայունացնի Բալկանյան տարածաշրջանը:

Սերբիայի եւ Կոսովոյի նախագահները կոչ են արել Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին թույլ տալ իրենց ուսումնասիրել սահմանների՝ երկար ժամանակ տաբուացված թեման: