«Ելք» դաշինքը վերջնականապես պառակտված է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«99.99 տոկոսով «Ելք» դաշինքը պառակտվել է, քանի որ տրամաբանական չի լինի, որ Երեւանի ընտրություններում՝ ավելի ցածր մակարդակի ընտրություններում նրանք առանձին են գնում, իսկ ավելի բարձր մակարդակի ընտրություններում՝ դաշինքով»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա կարծիքով՝ այս բաժանումը նոր չի տեղի ունեցել, քանի որ «Ելք» դաշինքի ստեղծման ժամանակ դրա մեջ մտնող կուսակցություններն իրենց դիրքավորում էին որպես ընդգծված արեւմտամետ ուղղություն ունեցող կուսակցություններ, սակայն երբ ՔՊ-ն նրանց միացավ, կարողացավ այդ արեւմտամետությունը չեզոքացնել եւ նրանք այդպես մտան խորհրդարան:

«Սակայն դա չէր կարող երկար շարունակվել: Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Ռուսաստան եւ հայտարարեց, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանին, այդ պահից սկսվեց հասկանալի դառնալ, որ «Ելքը» փաստացի բաժանվելու է, որովհետեւ անտրամաբանական կլինի, որ երկրորդ անգամ իրենց արեւմտամետ համարող ուժերն իրենց ուղղվածությունը չեզոքացնեն հանուն ՔՊ-ի հետ դաշինքի: Դա մի քիչ անլուրջ կլինի: Այս դաշինքի գոյությունը փաստացի դադարել է»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգը նաեւ չբացառեց, որ արդեն առանց ՔՊ-ի «Ելք» դաշինքում նոր ուժեր հայտնվեն եւ ընդգծված արեւմտամետ ուղղվածություն ունենան:

«Ելք»-ի պառակտման մյուս խնդիրն, ըստ քաղտեխնոլոգի այն էր, որ ՔՊ-ն չի ցանկանում բաժանել իշխանությունը. «ՔՊ-ի անդամներն իրենք են հայտարարում, որ Ելք-ն իրեն սպառել է, իրենք կադրեր ունեն պաշտոններում նշանակելու համար, եւ «Լուսավոր Հայաստան»  ու «Հանրապետություն» կուսակցություններն արդեն ավելորդ ուտող բերան են այս պարագայում, որոնք իրենց այլեւս պետք չեն: Նրանք վստահ են, որ իրենք են  իշխանափոխությունն արել, իրենք էլ ամբողջությամբ պետք է վայելեն այդ իշխանության բերկրանքը: ՔՊ-ն ամբողջովին իրենով է անում իշխանությունը, եթե ուշադրություն դարձնենք, ապա բոլոր պաշտոններում գրեթե իր թիմակիցներին է նշանակում: ՔՊ-ի ղեկավարին պետք է մի թիմ, որն ամբողջովին իրեն է ենթարկվում»: