ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար հրավիրելու է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Նման որոշում է կայացվել այսօր՝ օգոստոսի 27-ին, ԿԸՀ նիստում:

«Սեպտեմբերի 23-ին նշանակված են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ-ն ունի իրավասություն միջազգային դիտորդներ հրավիրելու, միաժամանակ ԿԸՀ-ին էր դիմել նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, մասնավորապես, նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ընթացքում Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար վերջինիս հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է վարչապետին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն պատրաստել է համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին հրավիրել Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին:

Հանձնաժողովի նիստի հաջորդ երկու հարցերով քննարկվեց ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեի փոփոխության հարցը: